Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խոհեր… այնքա՜ն արդիական ու այնքա՜ն ցավոտ

Խոհեր…  այնքա՜ն արդիական  ու այնքա՜ն ցավոտ
03.04.2024 | 10:00

Րաֆֆին մի վեպ է գրել. անունը՝ «Խենթը»։

Այս «խենթը» Տաճկահայաստան է գնում և ինքզինքը նվիրում է տաճկահայության ազատության գործին։

Երկար աշխատելով, երբ չի կարողանում իրականում գլուխ բերել իր երազանքը՝ պառկում է և իր «երազում» ազատագրում է հայության այդ մասը:

Բայց եթե ես Րաֆֆու վիպական շնորհքն ունենայի, կգրեի մի վեպ ու անունը կդնեի ոչ թե «Խենթը», այլ՝ «Խելոքը»։

Իմ «խելոքը» հայ ժողովրդին ո՛չ իր արթուն ժամանակ կազատագրեր, ո՛չ էլ երազում։ Որովհետև հայերն իրենց օրում ազատություններ շատ են տեսել, բայց չեն կարողացել օգտվել իրենց տրված ազատությունից:

Այո՛, հայերն ազատ են եղել թե՛ առասպելաբանության մեջ, թե՛ իրականում, թե՛ երազում։

Ո՞ր ազգի ազատությունն է այսքան ճոխ «ասորտիմենտ» ունեցել։

Ո՛չ մեկի։

Հայկ նահապետն իր 300 քաջերով ջարդե՞ց Բելի բանակը։

Ջարդեց։

Արտաշես Աշխարհակալն իր հաղթական բանակը տարածե՞ց աշխարհի չորս կողմը։

Տարածեց։

Տիգրան Մեծն արշավե՞ց մինչև Պաղեստին։

Արշավեց։

Րաֆֆու «Խենթը» իր երազում ազատե՞ց հայերին օտարի լծից։

Ազատեց։

Բայց, ասացեք խնդրեմ, այս բազմաթիվ ու բազմատեսակ ազատություններից ի՞նչ շահեց հայ ժողովուրդը։

Ոչինչ։

Այս ազատությունները տրված էին միայն իրար կոտորելու համար։

Հայերը հնում նախարարությունների բաժանված իրար կոտորեցին, հիմա էլ կուսակցությունների բաժանված են իրար կոտորում:

Ո՛չ, ես չեմ ազատվի, ես օտարի լծի տակ կմնամ հավետ, որովհետև ինձ համար հարազատի ձեռքով սպանվելը շա՜տ է դժվար։

Հայը հային բանտերն ածի, պատուհանից գնդացիրը դնի ու բոլորին մեկանց գետին փռի, վերջում էլ գետինը փորի ու արնաթաթախ դիակներն իրար վրա շարի, ինչպես ձուկը տակառում և ինչի՞ համար…

Ահա այս է պատճառը, որ ես «Խենթը» չեմ գրի, այլ «Խելոքը» կգրեմ։

Իմ «խելոքը» ո՛չ իրականում կազատագրի հայերին, ո՛չ իր երազում։ Նա հայությունը կբաժանի չորս մասի՝ դաշնակների, հնչակների, ռամկավարների ու բոլշևիկների և կտանի մեկը հույներին կհանձնի, մյուսը՝ պարսիկներին, երրորդը՝ թուրքերին, չորրորդը՝ արաբներին և շատ կխնդրի՝ ոտները շղթայած պահեն, որ Հայաստան չմտնեն։

Եթե մտնեն՝ իրար պիտի կոտորեն, և Հայաստանը թողնեն առանց հայերի:

Նրանք թեև օտարներ են, էլի կարող են խիղճ ունենալ և կամենալ, որ աշխարհում մի երկու հայ ապրի։

Իսկ եթե հայի՜ի՜ի՜ն թողնենք՝ հայության հոտը կկտրի աշխարհից:

Լեռ ԿԱՄՍԱՐ

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 4557

Մեկնաբանություններ